Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը պետք է վերափոխվի անկախ կառույցի։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 25-ին ասել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009թ. Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի համատեղ նախաձեռնությամբ։ Հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը, փոխնախարարի խոսքով, առաջացել է տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովման նպատակներով։

«Մինչ այժմ հիմնադրամը կառավարում էր Զարգացման եվրասիական բանկը, սակայն այդ երկու կառույցները տարբեր նպատակներ ունեն։ Բանկը ֆինանսավորում է մասնավոր նախագծերը, իսկ հիմնադրամի նպատակը տարածաշրջանի ֆինանսական կայունության ապահովումն է»,- նշել է Հակոբյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ հիմնադրամի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 8,5 մլրդ դոլար, որոնցից 7,5 մլրդ-ն  ներդրել է Ռուսաստանը։ Իսկ Հայաստանը հիմնադրամում ներդրել է ընդամենը 1 մլն դոլար։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ 2024թ. դրությամբ Հայաստանում հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում իրականացվել են մոտ 840 մլն դոլարի նախագծեր, որոնցից 540 մլն-ն՝ ընթացիկ նախագծեր։

Խոշոր նախագծերից են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Քաջարանից մինչեւ Իրանի սահման տեղամասի կառուցումը, Քաջարանի թունելի կառուցման նախագիծը (200 մլն դոլարի ներդրումներ) եւ 40 մլն դոլար արժողությամբ ոռոգման համակարգերի նախագիծը։ «Բացի այդ, քննարկվում է Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը»,- ավելացրել է Հակոբյանը։

Նախագծի շրջանակում հիմնադրամը, ըստ էության, կստանա առանձին միջազգային կառույցի կարգավիճակ, ինչն իր հերթին թույլ կտա ավելի արագ արձագանքել հիմնադիր երկրների կարիքներին։

Պաշտոնյան հատկապես ընդգծել է հիմնադրամի դերը առողջապահության ոլորտում՝ նշելով Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում իրականացվող ծրագրերը։

Որոշ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։