Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի եւ հայ համայնքի հրավերով եռօրյա պաշտոնական եւ հովվապետական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Մայր Աթոռի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի, գլխավոր մուֆտի Ահմադ-Բադր-Ալ-դին-Հասունի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, կրոնի նախարարի հետ: Նորին Սրբությունը կայցելի ազգային տարբեր կրթական հաստատություններ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմատուցի Հայրապետական Ս. Պատարագ:

Այս օրերին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա նաեւ Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Զաքքա Ա Իվասի, Անտիոքի Հույն պատրիարք Իգնատիոս Դ Հազիմի, Ասորի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ Լահամի հետ: