Կոտ դ’Իվուարում դեկտեմբերի 11-ին կայացած խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովել են իրավապահ մարմինների 25 հազար աշխատակիցներ` ՄԱԿ-ի յոթ հազար խաղաղարարների օգնությամբ:
Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ քվեարկությունն անցկացվել է առանց լուրջ միջադեպերի, չնայած երկրի լարված իրավիճակին: Նշվում է, որ ընտրություններին մասնակցության մակարդակը համեմատաբար ցածր է եղել: Քվեարկության արդյունքները կհայտարարվեն շաբաթվա կեսերին:
Խորհրդարանի 255 տեղերին հավակնում են շուրջ 1000 թեկնածուներ: Փորձագետների կանխատեսմամբ` կհաղթի գործող նախագահ Ալասան Ուատարայի կոալիցիան: Նման կանխատեսումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ նախկին նախագահ Լորան Գբագբոյի ազդեցիկ կուսակցությունը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց եւ իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել դրանք:
Հիշեցնենք, որ Կոտ դ’Իվուարում կայացած նախորդ քվեարկությունը երկիրը հասցրեց քաղաքական խոր ճգնաժամի եւ քաղաքացիական պատերազմի:
2010թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին Լորան Գբագբոն, ով երկիրը ղեկավարում էր արդեն 10 տարի, իշխանությունը զիջել էր Ալասան Ուատարային, սակայն հրաժարվել էր պարտությունն ընդունելուց:
Միաժամանակ իրենց ընտրված նախագահներ հայտարարած Գբագբոյի եւ Ուաթարայի միջեւ սկսված հակամարտությունը հանգեցրել էր քաղաքացիական պատերազմի, որը երեք հազարից ավելի մարդու կյանք էր խլել:
2011թ. ապրիլին հակամարտությանը միջամտել էին ՄԱԿ-ի խաղաղարարները եւ ֆրանսիացի զինծառայողները` պաշտպանելով Ուաթարային: Նրանց հաջողվել էր բռնել Գբագբոյին: 2011թ. մայիսին Ուաթարան ստանձնել էր նախագահի լիազորությունները: Գբագբոն ներկա պահին հսկողության տակ է գտնվում Հաագայում, որտեղ նա դատարանի առջեւ պատասխան է տալու մարդկության առջեւ գործած հանցանքների համար:




























