Հայաստանը մեծ փոփոխություների նախաշեմին է եւ մտել է մի շրջան, որն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում քաղաքական ուժերից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«2011 թվականը հագեցած տարի էր, նաեւ բաց թողնված հնարավորություների տարի: Բոլոր ուղղություններով պարտություն տանող տարի էր, անգամ Արցախի քսանամյակին իմացանք, որ ձերբակալվել է Նարեկ Հարթունյանը, ով օրինապաշտ մարդ է»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով. «Օրենքը հատվածաբար է կիրառվում, փոխանակ սկսեն իրենցից, սլաքի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր իրենց գիտակցական կյանքում շատ բան են արել մշակույթի համար։ Իհարկե, օրենքը պիտի գործի, բայց գործի բոլորի համար»:

Նրա ներկայացմամբ, կա’մ վեր կկանգենք հատվածաբար մոտեցումներից, կա’մ կշարունակենք խարխափել։ «Մեր ժողովրդին պետք է դուրս բերենք ճակատագրապաշտական վիճակից»,- իր խոսքն ամփոփել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: Նույն օրը, կեսգիշերին մոտ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել նրա նկատմամբ:

ՊԵԿ-ի փոխանցմամբ, Նարեկ Կարապետի Հարթունյանը, հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը եւ այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց: Նարեկ Հարթունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը):

Ըստ ՊԵԿ-ի նրանց գործողության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն դրամի վնաս: