ԵՄ-ը երկրները սպասողական դիրք են որդեգրել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության շեմին։ Մասնավորապես, ԵՄ-ում սպասում են, թե կոնկրետ ինչ քայլեր է նախաձեռնելու նորընտիր նախագահը առեւտրի եւ անվտանգության ոլորտում, գրել է Politico թերթը՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին եւ դիվանագետներին։

Թերթի տվյալներով՝ Թրամփի բազմակի խոստումներն Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու մասին, հենց որ նա զբաղեցնի նախագահի պաշտոնը, անհանգստություն են առաջացրել Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների շրջանում. նրանք մտածում են ամերիկյան քաղաքականության նման փոփոխության հետեւանքների մասին իրենց եւ Կիեւի համար։ Բացի այդ, ԵՄ-ը, որը շարունակում է հաղթահարել COVID-19 համավարակի եւ ուկրաինական հակամարտության հետեւանքները, այժմ կարող է բախվել ԱՄՆ նոր հնարավոր սակագնային քաղաքականությանը։ Նախատեսվող ամերիկյան տուրքերը կարող են առաջ բերել դաշինքի երկրների տնտեսության հետագա կրճատում, գրել է պարբերականը։ Թրամփը խոստացել է համապարփակ տուրքեր մտցնել 10-20 տոկոսի չափով եվրոպական ապրանքների վրա, հիշեցրել է Politicо-ն։

«Դա կլինի միանգամայն այլ [ամերիկյան] կառավարություն, շատ ավելի կործանարար եվրոպական շահերի համար, քան այն, որը մենք տեսանք անցած անգամ, եւ այն ժամանակ, երբ դրույքները շատ ավելի բարձր էին,- կարծում է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) տնօրեն Մարկ Լեոնարդը։- Մենք գտնվում ենք կրիտիկական փուլում, երբ եվրոպական բարեկեցության հիմքերից շատերը սպառնալիքի տակ են»։