Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանը խոստանում է հետաքննությունը շարունակել նույն տեմպով, ինչ նախկինում: Այդ մասին Ջանազյանն ասել է այսօր` դեկտեմբերի 12-ին, կայացած մամուլի ասուլիսում: Նշենք, որ մամուլի ասուլիսը նվիրված էր քննչական խմբի նոր ղեկավարի ներկայացմանը, վերջինս այդ պաշտոնում փոխարինել է Վահագն Հարությունյանին: Հարությունյանը վերջերս նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Վահագն Հարությունյանը հայտնել է, թե քննության շրջանակներում նախատեսված գործողություններն իրականացվում են, հարցաքննվել են մոտ 500 վկաներ, եւս 150-ը` լրացուցիչ անգամ: Սակայն շոշափելի արդյունքներ չկան: Նրա խոսքով, քննության հիմնական խոչընդոտը ապացուցողական ցուցմունքների բացակայությունն է եւ քննության օգնելուց խուսափելը: Վաղինակ Ջանազյանը նկատել է, թե քննության ընթացքում 4 ոստիկանների մեղադրանք է առաջադրվել «Չերյոմուխա» հատուկ միջոցի օգտագործման կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երեք մարդու մահվան:

Մեղադրյալները մեղքը չեն ընդունել, զենքը նույնականացնել չի հաջողվել:

Ջանազյանը, ով քննչական խմբի անդամ է ստեղծման առաջին օրվանից, հավաստիացրել է, որ ղեկավարի փոփոխությունը չի ազդի օբյեկտիվության եւ լրիվության վրա:

Վահագն Հարությունյանին հարցրել են, թե արդյոք իր նշանակումը նման բարձր պաշտոնին, հետեւանքը չէ՞ մարտի 1-ի քրգործի բացահայտված չլինելու: Նա ընդգծել է, թե բացի թերություններից պետք է տեսնել նաեւ քննության ձեռքբերումը, հիշել ավանդի մասին, որ քննչական խմբի անդամները ներդրել են գործի բացահայտման մեջ:

Շուտով ներկայացվելու է քննչական խմբի արած աշխատանքի պաշտոնական հաշվետվությունը:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին Երեւանում, ուժային կառույցների կողմից ուժի կիրառման արդյունքում զոհվեցին 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 զինծառայողներ: