Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի գրասենյակը հայտնել է, որ փորձելու է հասնել այն բանին, որ ձերբակալման օրդեր տրվի Մյանմայի զինված ուժերի ղեկավար, միաժամանակ երկրի ժամանակավոր նախագահ Մին Աուն Հլայնին, տեղեկացրել է DW-ն։ Նրան մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ Մյանմայում եւ Բանգլադեշում ռոհինջա ժողովրդի բռնի տեղահանման եւ հալածանքների պատճառով։

Հայտարարությունում նշված է, որ դատախազի գրասենյակը «ընդարձակ, անկախ եւ անկաշառ հետաքննություններ» է իրականացրել եւ եկել այն եզրահանգման, որ կան «խելամիտ հիմքեր կարծելու», որ Մին Աուն Հլայնը քրեական պատասխանատվություն է կրում Մյանմայում եւ Բանգլադեշում ռոհինջա ժողովրդի բռնի տեղահանման եւ հալածանքների համար։

Հարցը պետք է քննի երեք դատավորներից կազմված կոլեգիան, որը պետք է որոշի, թե արդյոք համաձայն են մեղադրանքների հիմնավորվածությանը։ Սովորաբար որոշում կայացնելու համար պահանջվում է մոտ երեք ամիս, նշել է Reuters գործակալությունը։