Չեխիայում, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Պրահայում բնակվող հայազգի լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի  «Խաչվածին մահ չկա» փաստագրական գրքի շնորհանդեսին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատությունում ներկայացված են 1988-1991 թթ. Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քննարկումները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Երեւանում եւ Ստեփանակերտում, հանգամանալից կերպով նկարագրվել են հայաստանցի պատգամավորների ակտիվ աշխատանքները եւ անձնատուր ջանքերը ԽՍՀՄ Գերագույն խորհրդում` Արցախի հարցի խաղաղ եւ արդար կարգավորման համար: Գիրքը պարունակում է ծավալուն փաստագրական նյութեր:

Միջոցառմանը ելույթ են ունեցել գրքի հեղինակ Շուշան Ղազարյան, ՀՀ դեսպանը Չեխիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Պրահայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը եւ Շուշան Ղազարյանի ամուսինը` դպրոցի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Արմեն Քոլոյանը:

Շնորհանդեսն ավարտվել է համերգով: