Դեկտեմբերի 11-ին Կիեւ-Երեւան չվերթն իրականացրած ուկրաինական «Աերոսվիթ» ընկերության ինքնաթիռի ուղեւորները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ուշացման համար ստիպված այսօր են Երեւանից Կիեւ թռչում, կարող են ավիաընկերությունից փոխհատուցում պահանջել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նրա խոսքով, «Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենքի համաձայն, «Աերոսվիթ» ավիաընկերության չվերթին սպասողները կարող են պատճառած անհարմարությունների համար փոխհատուցում պահանջել:
Չերչինյանը նաեւ նշել է, որ այս պահին ընթանում է Երեւան-Կիեւ չվերթի գրանցումը, թռիչքը տեղի կունենա 18:20-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր ուկրաինական «Աերոսվիտ» ընկերությանը` պարզաբանում պահանջելով դեկտեմբերի 11-ին Երեւան-Կիեւ չվերթի ընթացքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կիեւ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում: Ինքնաթիռը պետք է ժամաներ դեկտեմբերի 11-ի առավոտյան, այնուհետեւ կրկին մեկներ Կիեւ, բայց նրան Թբիլիսիում վայրէջք կատարելու հրահանգ էր տրվել:
«Աերոսվիթ» ընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, արհամարհելով միջազգային իրավական փաստաթղթերը, ժամանակին չի լուծել Երեւանում Կիեւի թռիչքին սպասող 100 ուղեւորների սննդի եւ կացարանի հարցը: 100 ուղեւորներից 14-ի համար դա տարանցիկ փոխադրում է եղել, հետեւաբար` նրանք ուշացել են հաջորդ թռիչքից:




























