Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել է երեխաներին մատուցվող սննդի որակի խախտման 3 դեպք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները եւ շարունակել հետեւողական աշխատանքը`արձանագրելով բոլոր խախտումները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղբահանության պայմանագրերի կնքման եւ վարձավճարների հավաքագրման մասով Կամո Արեյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պետք է հստակեցվի 2012 թվականի ընթացքում սանիտարական մաքրման սխեման եւ կազմակերպման կարգը:

Զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցները, այգիներն ու պուրակները, հրապարակներն ու անցումները, որոնց ֆինանսավորումը կնախատեսվի 2012 թվականի համայնքային բյուջեում:

Ուսումնասիրություների արդյունքում անբավարար գնահատելով մայրաքաղաքում տարբեր վթարների հետեւանքով իրականացվող փորվածքների ասֆալտբետոնե ծածկի եւ մայթերում սալահատակի վերականգնման աշխատանքերի որակը` համապատասխան վարչությունների եւ վարչական շրջանների  ղեկավարների հանձնարարվել է հսկողություն սահմանել վթարների արագ վերացման եւ վերականգնման ուղղությամբ եւ նոր դեպքերի վերաբերյալ արձագանքել անմիջապես: