Ուկրաինայի ԶՈւ-ին հրամայել են պահել Կուրսկի մարզի մի մասը մինչեւ Թրամփի իշխանության գալը, BBC News-ին նշել են ուկրաինացի մի քանի զինվորականներ։
«Գլխավոր խնդիրը մինչեւ Թրամփի երդմնակալությունը առավելագույն տարածք պահելն է։ Որպեսզի հետո փոխանակելու բան լինի բանակցությունների ժամանակ։ Ոչ ոք չգիտի, թե ինչի հետ»,- տեղեկացրել է ուկրաինացի զինվորներից մեկը։
Մյուս զինվորականը պատմել է վիթխարի հոգնածության մասին, փոխատեղման եւ այլ ստորաբաժանումների բացակայության մասին։ Ուկրաինացի զինվորականները նշել են ծանր եղանակային պայմանները եւ ռուսական մշտական ռմբակոծությունները, այդ թվում պլանավորող ռումբերով։ Տարածքը հետ վերցնելը «ընդամենը ժամանակի հարց է», նշել են ուկրաինացի զինվորականները։
Նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ուկրաինական բանակը քշել Կուրսկի մարզից մինչեւ Թրամփի երդմնակալությունը։ «Դա կարեւոր է, որպեսզի ցույց տա, որ վերահսկում է իրավիճակը, բայց նա չի վերահսկում իրավիճակը»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան թույլատրել են Կիեւին օգտագործել հեռահար զենքը Ռուսաստանի թիրախներին խթելու համար։ Սակայն ոչ մի էֆեկտ մարտադաշտում, նշել են ուկրաինացի զինվորականները, այդ հարվածներից իրենք առայժմ չեն զգացել։ «Մենք ապրում ենք եւ պայքարում հիմա եւ այստեղ։ Իսկ հրթիռները թռչում են ինչ-որ մեկ այլ տեղում»,- ասել է զինվորականներից մեկը։
Ուկրաինացի զինվորականները նաեւ խոստովանել են, որ մարտում առայժմ չեն հանդիպել հյուսիսկորեացի զինվորականների։ «Ես ոչինչ չեմ տեսել եւ ոչինչ չեմ լսել կորեացիների մասին, կենդանի, թե մեռած», տեղեկացրել է ուկրաինացի մի զինվորական։ «Կուրսկի մութ անտառում կորեացի գտնելը շատ դժվար է։ Հատկապես եթե նա այստեղ չկա»,- BBC News-ին ասել է ուկրաինացի զինծառայողը։
Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի մարզ է ներխուժել օգոստոսի 6-ին եւ զավթել մոտ 1 300 քառակուսի կիլոմետր։ Բայց նոյեմբերի վերջին, Reuters-ի աղբյուրների տեղեկացմամբ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ում, ուկրաինական բանակը կորցրել է վերցրած տարածքների 40 տոկոսի վերահսկողությունը։





























