ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է 27 անգամ բարձրացնել դիվանագետների հավելավճարները։ Այս մասին Ազային ժողովում, «Պետական պաշտոններ եւ պետծառայողների պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 3-ին ասել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ այս առաջարկը պայմանավորված է հավելումների չափի վերանայման անհրաժեշտությամբ, որոնք վճարվում են դիվանագետներին դիվանագիտական կարգի համար։

«Տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության ոլորտում մշտապես փոխվող իրադրությունը, ինչպես նաեւ արտաքին սպառնալիքները եւ մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ, արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են առավելագույն ծանրաբեռնվածություն եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում։ Էապես ավելացել են դիվանագետների աշխատանքի ծավալները, կտրուկ աճել է պատասխանատվության աստիճանը։ Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են կարեւոր ճակատի, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը»,- ասել է Սաֆարյանը՝ փորձելով հիմնավորել 3-ից մինչեւ 80 տոկոսի հավելավճարների բարձրացումը։

Նախագծում, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետության շահերի պատշաճ ներկայացման եւ լավագույն ապահովման համատեքստում միջազգային գործընկերների հետ հարաբերություններում բարձրորակ մասնագետների եւ կադրերի հոսքը կանխելու անհրաժեշտություն է առաջացել։

Փոխնախարարի կարծիքով՝ ներկայում սահմանված հավելավճարների չափերը չեն համապատասխանում  դիվանագետների կատարած աշխատանքի ծավալներին եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ այն պահանջներին, որոնք նախատեսված են դիվանագիտական ծառայությունում պաշտոնի նշանակման համար։ Խոսքը, մասնավորապես, բարձր մասնագիտական որակավորման եւ բարձրագույն կրթության մասին է, ինչպես նաեւ առնվազն երկու օտար լեզվի իմացության։

«Որպես կանոն,  համապատասխան որակավորմամբ մասնագետները նախընտրում են աշխատել կամ միջազգային այս կամ այն կազմակերպության տարբեր ծրագրերի շրջանակում, կամ մասնավոր հատվածում, հաշվի առնելով բարձր աշխատավարձը, սպասարկման երաշխիքները եւ շահույթը»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն այս անգամ ձեռնպահ է մնացել որեւէ ելույթից կամ քննադատությունից։