Ռուսաստանը դուրս է բերում նավերը Տարտուսի ռազմածովային կայանից իսլամիստ ապստամբների հարձակումից հետո, որոնց չի կարողանում պահել նախագահ Ասադի բանակը, տեղեկացրել է Naval News-ը։

Դեկտեմբերի 2-ի առավոտյան տվյալներով՝ «Ելնյա» լցանավը հեռացել է Տարտուսից։ Նրա հետ միասին կայանից կարող էին դուրս եկած լինել այլ նավեր։ Սիրիայում ՌԴ-ն ունի հինգ նավ եւ մեկ սուզանավ. «Ծովակալ Գորշկով» դասի երկու ֆրեգատ, մեկ ֆրեգատ «Ծովակալ Գրիգորովիչ» դասի, բարելավված սուզանավ «Կիլո» դասի եւ երկու օժանդակ նավեր։

«Կա Սիրիայում իրավիճակի վատացման հավանականություն»,- գրել է Droxford Maritime-ի վերլուծաբանը։ ՌԴ նավերն ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն Բալթիկ ծով, կարծում է Naval News-ը։ Ճանապարհին նրանք կարող են կանգ առնել Ալժիրում կամ Լիբիայում։

Եթե Ռուսաստանը որոշի պահպանել Տարտուսի ռազմակայանը, ստիպված կլինի այնտեղ ուղարկել մեծ ամրացում, բայց դրա համար շաբաթներ են պետք, ընդգծել է Naval News-ը։

Տարտուսի ռազմածովային բազան Սիրիայի միջերկրածովյան ափին ռազմավարական օբյեկտ է Ռուսաստանի համար։ ԽՍՀՄ ռազմանավերն այստեղ են 1971-ից։ Ռուս զինվորականներն այստեղ են վերադարձել 2012թ., երբ Մոսկվան որոշեց միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին, որպեսզի դիմակայի ՆԱՏՕ ավիակիրներին Միջերկրական ծովում։

Նոյեմբերի վերջին հազարավոր սիրիացի ապստամբներ, որոնց գլխավորում էր «Ալ Քաիդայի» «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, սկսեցին հարձակումը Իդլիբից։ Նրանք մի քանի օրում կարողացան հասնել Հալեպ եւ գրավել քաղաքի կենտրոնը։ Նրանք առաջ շարժվեցին նաեւ մեկ այլ խոշոր քաղաքում՝ Համայում, որը գտնվում է Հալեպի հարավում։ Նրանց հաջողվեց գրավել տասնյակ այլ քաղաքներ ճանապարհին։

Ապստամբները հրապարակել են տեսանյութ, որտեղ նրանց առաջնորդ Աբու Մոհամադ ալ-Ջոլանին հայտարարում է, որ իր մարտիկները չեն հանգստանա, «մինչեւ որ չեն հասնի Դամասկոսի սրտին»։ Այս ֆոնին Ասադը օգնություն է խնդրել դաշնակիցներից՝ Ռուսաստանից եւ Իրանից, որոնք զբաղված են սեփական ռազմական հակամարտություններով՝ Ուկրաինայով եւ Իսրայելով համապատասխանաբար։

Սիրիական բանակը հերքել է ապստամբների հաջողությունները՝ հայտնելով, որ ուժեր է նետում եւ պատրաստվում է սկսել հակահարձակում Ռուսաստանի մարտական ինքնաթիռների օգնությամբ։ Դրանից հետո ռուսական ավիահարվածների են ենթարկվել Իդլիբ քաղաքը եւ ՀԹՇ դիրքերը Հալեպում եւ Համայում։

Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը  փոխել է իր խմբավորման հրամանատարին Սիրիայում։ Հալեպի զավթումից հետո պաշտոնից հանվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը։ Նրա փոխարեն նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, որը ղեկավարել է Կիեւի գրավման անհաջող փորձը, տեղեկացրել են z-բլոգերները։