ԱՄՆ Սենատը դեռեւս ուսումնասիրում է Մեթյու Բրայզային Ադրբեջանի դեսպան նշանակելու հարցը: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Այժմ միայն կարող եմ ասել, թե ես ինչ եմ մտածում: Սենատը դեռեւս ուսումնասիրում է թեկնածությունը, այսինքն` դեռ չի հանձնվել»,- նշել է նա:
Ինչպես APA-ին տեղեկացրել են Սենատի աղբյուրները, հարցն առայժմ «բաց է մնում»:
Հիշեցնենք, Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել նախագահ Բարաք Օբամայի կողմից` առանց Սենատի որոշման, ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընդմիջման ընթացքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, ԱՄՆ սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովը Բրայզայի դեսպան նշանակվելը հաստատել է 2010թ. սեպտեմբերի 22-ին: Բայց նրա նշանակմանը վետո են դրել Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը: Նրա նշանակման դեմ է արտահայտվել ԱՄՆ հայ համայնքը:




























