Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում առաջին բանակցություններն է վարել նորընտիր նախագահ Թրամփի թիմի հետ, տեղեկացրել է Wall Street Journal-ը (WSJ)։

Բանակցություններին մասնակցել են ապագա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը եւ Ուկրաինայի գծով հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը։ Երմակը հանդիպել էր նաեւ Սյուզի Ուայլսի հետ, որը գլխավորելու է Սպիտակ տան աշխատակազմը։

Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, բայց WSJ-ի աղբյուրների խոսքով, ուկրաինական կողմը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թրամփի թիմի հետ եւ պատրաստակամ է խաղաղություն կնքել Ռուսաստանի հետ պատերազմում։

Թրամփի խորհրդականներն առաջարկում են պատերազն ավարտելու երեք տարբերակ, նշել են Reuters-ի աղբյուրները։ Դրանցից մեկն առաջարկել է Քելոգը։ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ օգտագործելով ԱՄՆ օգնությունը որպես ճնշման միջոց։ Առաջարկվում է մարտական գործողությունների սառեցում ճակատի գծով։

Մյուս պլանը մշակել է Վենսը։ Դրա մանրամասները չեն նշվում, բայց նա հրապարակավ առաջարկել է ստեղծել ապառազմականացված գոտի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, ինչպես նաեւ երաշխավորել վերժինի չեզոք կարգավիճակը։ Մյուս նախաձեռնության հեղինակը Ռիչարդ Գրենելն է, որը դիտարկվել է որպես Ուկրաինայի գծով հատուկ բանագնացի թեկնածու։ Նա առաջարկում է ստեղծել «ինքնավար գոտիներ», եւ դեմ է Կիեւի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի վերջին հնարավոր էր համարել, որ Կիեւը կարող է վերադարձնել օկուպացված տարածքները դիվանագիտական ճանապարհով։ Սակայն այդ դեպքում հրադադարի համար Ուկրիանան պետք է ստանա հրավեր ՆԱՏՕ-ից։

Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել էին, որ խաղաղության միակ գրավականը երկրի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Անվտանգության ցանկացած այլ երաշխիք գերատեսչությունը մերժել է՝ դրանք «սուռոգատ» անվանելով։