Իսրայելի ԱԳՆ-ն կեղծ է անվանել Amnesty International միջազգային կազմակերպության հաշվետվությունը, որը հրեական պետությանը մեղադրել է պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ ցեղասպանության մեջ Գազայի հատվածում։
«Amnesty International արատավոր կազմակերպությունը հերթական անգամ պատրաստել է կեղծ հաշվետվություն, լիովին կեղծ եւ հիմնված ստի վրա»,- ասված է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական պատասխանում։ «2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը Իսրայելի քաղաքացիների նկատմամբ կոտորած իրականացրեց, որը ցեղասպանության ակտ էր։ Այդ ժամանակվանից Իսրայելի քաղաքացիները ամեն օր ենթարկվում են հարձակումների յոթ տարբեր ճակատներից»,- ավելացրել են ԱԳՆ-ում։ Այստեղ ընդգծել են, որ «Իսրայելը պաշտպանում է իրեն այդ հարձակումներից»։
Ավելի վաղ Amnesty International-ում հայտնել էին, որ հրեական պետությունը «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու կոնկրետ նպատակով»։ Կազմակերպության աշխատակիցները հարցման են ենթարկել 212 մարդու, կատարել դաշտային հետազոտություններ եւ վերլուծել «վիզուալ եւ թվային ապացույցների լայն ծավալ, ներառյալ արբանյակային լուսանկարները», ինչչպես նաեւ «բարձրաստիճան իսրայելցի կառավարական եւ զինվորական պաշտոնյաների հայտարարությունները»։





























