«Յունիբանկն» ընդլայնել է համագործակցությունը Kaiser սուպերմարկետների ցանցի հետ եւ գնորդներին առաջարկում պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ նոր վարկատեսակ:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ «Յունիբանկում» կարելի է ձեւակերպել U-Kaiser կոբրենդինգային վարկային քարտ, որը նախատեսված է  Kaiser սուպերմարկետների ցանցում գնումներ կատարելու համար: Վարկը կարող են ստանալ 21-60 տարեկան այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն:

Վարկի գումարը, կախված գնումների հաճախականությունից, կազմում է 100-200 հազար դրամ: Մասնավորապես, եթե գնորդն ունի  Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ, ապա նա կարող է ձեւակերպել 100 հազար դրամ գումարով վարկ, սակայն, եթե հաճախորդը վերջին երեք ամսում իրականացրել է 150 հազար դրամի առնվազն 30 գնում, ապա վարկի գումարը կազմում է 200 հազար դրամ: Ընդ որում, Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ ունեցող գնորդները «Յունիբանկի» վարկային քարտը ստանալու համար պետք է ներկայացնեն միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե գնորդը չունի բոնուսային քարտ, բայց բանկին ներկայացնում է նաեւ տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ, ապա նա կարող է ստանալ  U-Kaiser քարտը մինչեւ 150 հազար դրամ վարկային սահմանաչափով: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24 տոկոս տարեկան, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումը բանկն իրականացնում է անվճար: