Երբ սպառողը շաքարավազ է գնում, նա հետը ջուր է գնում, քանի որ շաքարավազի մեջ խոնավության տոկոսը զգալիորեն գերազանցվում է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի «Սպառողների ասոցացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը, հավելելով, որ թեեւ դա առողջության համար վտանգավոր չէ, բայց ֆինանսական առումով վնասը մեծ է:

«Նույնը վերաբերում է նաեւ հացին. մենք կարծում ենք, որ գնում ենք հաց, բայց մենք գնում ենք մոտավորապես 20-30 տոկոս օդ: Նման վիճակ է նաեւ սուրճի շուկայում, որտեղ կոֆեինը շատ քիչ է», - ընդգծեց նա, հավելելով, որ այդ խնդիրներով պետք է զբաղվի Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Ա. Պողոսյանը նշեց նաեւ, որ հանձնաժողովը չպետք է նույն գումարներով տուգանի եւ խոշոր եւ մանր ձեռնարկատերերին:

«Սպառողների ասոցիացիայի» ղեկավարն անդրադարձավ նաեւ կեղծված ապրանքներին, ցրանց որակին ու գնին, նշելով. «ՏՄՊՊՀ-ն ունի հաշիվ - ապրանքագրերի վրա նշված ցուցանիշների եւ գնի համապատասխանելիության ուսումնասիրության լիազորություններ: Այստեղ կա շատ մեծ աճպարարություն կամ թաքնված ստվերային շրջանառություն եւ հանձնաժողովը պետք է դրանով զբաղվի»: