Իսրայելական ուժային գերատեսչությունների ղեկավարները երեքշաբթի Կահիրեում քննարկել են պատանդների ազատման համաձայնագրին հասնելու ջանքերը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին եւ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) տնօրեն Ռոնեն Բարը հանդիպել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ Կահիրեում, քանի ուր Երուսաղեմը գնահատել է, որ «ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու շանսերն ավելացել են»։

Իսրայելցի անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը The Times of Israel-ին հայտնել է, որ գործարքի հասնելու շանսերը ավելացել են։ «Երկու շաբաթ առաջ ես մտածում էի, որ ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում գործարք կնքել,- ասել է պաշտոնյան,- այժմ հակված եմ մտածելու, որ ՀԱՄԱՍ-ը փոխել է կարծիքը»։ Հաջորդ ամիս գործարքի հասնելու շանս կա, նախքան ԱՄՆ նորընտիր նախագահը կմտնի Սպիտակ տուն, ավելացրել է իսրայելցի պաշտոնյան։

Պատանդների ազատ արձակման բանակցությունների մի քանի փուլերը վերջին մեկ տարում փակուղի են մտել։ Կողմերին չի հաջողվել հասնել համաձայնագրի շարունակման, որը ձեռք էր բերվել 2023թ. նոյեմբերին, որի համաձայն՝ 105 պատանդներ ազատ էին արձակվել մեկշաբաթյա հրադադարի արդյունքում։ Իսրայելը կարծում է, որ 251 պատանդներից 96-ը, որոնք առեւանգվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ին, դեռեւս գտնվում են Գազայում։ Վերջին 14 ամիսներին ՑԱԽԱԼ-ի զինծառայողները փրկել են 8 պատանդի եւ վերադարձրել 38 մարդու դի։