Էլիզաբեթ Թեյլորի Լեգենդար La Peregrina-ն (Թափառող մարգարիտը) Christie`s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 11,8 մլն դոլարով: Փաստացի այն դարձել է աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկարժեք մարգարիտը: 

55 կարատանոց տանձաձեւ քարը աշխարհի ամենահաջողված եւ պատմական արժեք ունեցող մարգարիտն է: Մարգարիտը Պանամական ծոցից XVI դարի կեսերին հանել է սեւամորթ մի ստրուկ (ի դեպ, դրա համար նրան ազատություն են շնորհել), այն դարձել է իսպանական գահի մի մասը:

La Peregrin-ի առաջին տերերից մեկը եղել է  Ֆիլիպ II արքայազնը: Այն զարդարել է Մարգարիտա եւ Իզաբելլա թագուհիների զգեստները, որոնք պատկերված են Վելասկեսի XVII դարում արված կտավներում:  Դերասան Ռիչարդ Բարտոնը` Թեյլորի յոթ ամուսիններից մեկը, 1969թ. աճուրդում 37 հազար դոլարով գնել է «Թափառող մարգարիտը» եւ Սուրբ Վալենտինի օրը նվիրել կնոջը:

Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու XVI դարում արված դիմանկարը Թեյլորին ոգեշնչել է Cartier ոսկերչական տնից մարգարտահատի համար ռուբիններով եւ մարգարիտներով նոր շրջանակ պատվիրել:

Արքայական մարգարտից բացի, աճուրդում վաճառվել են հոլիվուդյան հայտնի դերասանուհու այլ զարդեր եւս:  134,5  հազար դոլարով վաճառվել է Բերտոնի մեկ այլ նվերը` դերասանուհու  ադամանդե մատանին: Անուշադրության չի մատնվել նաեւ Մայքլ Ջեքսոնի նվիրած պլատինե թեւնոցը. այն վաճառվել է 194,5 հազար դոլարով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան աճուրդը քառօրյա  աճուրդների սկիզբն ազդարարեց, որտեղ վաճառքի են հանվելու Թեյլորի զարդերի, հագուստների եւ աքսեսուարների հավաքածուները: Երեկոյան աճուրդից հետո այսօր` դեկտեմբերի 14-ին, կկայանան ցերեկային աճուրդներ, որոնցում 189 լոտ ներկայացված կլինի:

Christie`s-ի ներկայացուցիչները ակնկալում են, որ աճուրդներից 50 միլիոն դոլարից ոչ պակաս գումար կհավաքվի: Ստացված եկամուտների մի մասը կհատկացվի  դերասանուհու` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին:

Հիշեցնենք, Էլիզաբեթ Թեյլորը հայկական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, լավագույն կանացի դերի համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Կլեոպատրա» ֆիլմը, որտեղ նա եգիպտական լեգենդար թագուհու կերպարով է հանդես եկել:  Է. Թեյլորը մահացել է 2011թ. մարտի վերջին, 79 տարեկան հասակում: