2011 թվականին իր քաղաքական ակտիվությամբ առավել աչքի ընկավ Հայ ազգային կոնգրեսը եւ հանրահավաքների քանակով եւ բարձրացված հարցերով, որոնցից հիմնականը արտահերթ ընտրությունների պահանջն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում, ամփոփելով քաղաքական տարին, նշեց քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գարիկ Քեռյան։

«Ճիշտ է արտահերթ ընտրություններ չեղան, բայց քննարկման մեծ ալիք բարձրացավ։ Դրան հաջորդեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որը նույնպես ռեալ արդյունքեր չունեցավ»,- ասաց նա, 2011-ի գլխավոր իրադարձությունների շարքում առանձնացնելով նաեւ կադրային փոփոխությունների ալիքը։

Քեռյանը նշեց, որ ինչպես եւ սպասվում էր, «երրորդ ուժ» ասվածն ի հայտ չեկավ ընտրությունների նախաշեմին, փոխարենն ի հայտ եկավ նոր կուսակցություն` ի դեմս «Ազատ դեմոկրատների»։

«Նրանք արդյոք կկատարե՞ն երրորդ ուժի դերը, թե` ոչ, կերեւա ընտրություններից հետո»,-ընդգծեց նա:

Քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսորը նաեւ առանձնացրեց, որ ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրով հաստատեց, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նա ընդգծեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում մեծ էր Ռուսաստանի դերը։ Քեռյանը կարծիք հայտնեց, որ ԼՂ հարցում ստատուս քվոն մինչեւ առաջիկա աշուն դեռեւս կպահպանվի: