Իսրայելական պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Կատար՝ բանակցելու համար Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատման համաձայնագրի շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Ynet լրատվական պորտալը՝ հղում կատարելով բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյային։

Պաշտոնյան պատմել է, որ ձեռնարկվում են ջանքեր դեկտեմբերի վերջին համաձայնագրի կնքման համար։ «Դետալների մեծ մասը համաձայնեցված է, բայց հիմնական վեճը պատանդների թիվն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ բանակցություններն այժմ «կենտրոնացած են պատանդների թվի եւ անձերի վրա», նշել է լրատվական ռեսուրսը։

Ավելի վաղ սաուդյան Al Hadath հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը եւ Իսրայելը կարող են հասնել համաձայնության պատանդների արձակման վերաբերյալ արդեն դեկտեմբերի վերջին։ Վկայակոչելով անունը չնշած աղբյուրներին՝ հեռուստաալիքը նշել է «զգալի առաջընթացի» մասին Գազայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ճանապարհին։

Երկուշաբթի Ynet-ը, հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի անունը չնշած անդամին, տեղեկացրել էր, որ Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման բանակցություններում ձեռք է բերվել «աննախադեպ առաջընթաց»։