Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ, որի ժամանակ կարեւորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստեն ակտիվ շփումներն ու փոխայցելությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում քաղաքականից բացի կարեւորել են նաեւ համագործակցության տնտեսական եւ մշակութային բաղադրիչները: Զրուցակիցների կարծիքով, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարխսված երկու բարեկամ ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների առավել խորացման ու զարգացման լավ հիմքեր կարող են դառնալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փոխգործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար: Սերժ Սարգսյանը եւ Ջանֆրանկո Ֆինին նշել են նաեւ, որ միմյանց նկատմամբ փոխադարձ ջերմ վերաբերմունք տածող հայ եւ իտալացի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունների շարքում առանձնանում է նաեւ սփյուռքի առկայությունը:

Հռոմում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարեւորությունը, որոնք նպաստում են Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացմանը:

Երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վենետիկ: