2011 թվականին ներքին կյանքը ակտիվ էր, բայց միաժամանակ կայուն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում, ամփոփելով քաղաքական տարին, նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Նա կարեւորեց 2011-ին արձանագրված ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, դա համարելով հայկական քաղաքական մշակույթի մեջ նոր ոճ։ Սահակյանի խոսքով, սակայն, իրենց համար անհասկանալի մնաց ՀԱԿ-ի կողմից երկխոսության խզման պատճառները։

«2011-ի համար կառանձնացնեի նաեւ Ընտրական նոր օրեսգրքի ընդունումը, Հայաստանի անկախության  20-ամյակին նվիրված միջոցառումները, հատկապես զորահանդեսը»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական զարգացումներին, իշխող կուսակցության պատգամավորն ասաց. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ստատուս քվոն դեռ պահպանվում է եւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռում ենք այն բանի վրա, որ Ադրբեջանն իր ապակառուցողական հայտարությունների քաղաքականությունից դեռ չի հրաժարվել»: Նրա խոսքով, Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդել է: