Հայաստանի քաղաքական օրակարգը սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրով, բայց երբեւէ հարց չի դրվում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի դերը տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին հրավիրված քննարկմանը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ամփոփելով քաղաքական տարին:
«Արդյոք Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ եւ զբաղեցնել նույն քիչ կարեւոր եւ կախյալ վիճակը, որը հիմա զբաղեցնում է։ Այս առումով մեր կուսակցությունը խիստ կարեւորում է անկախության խնդիրը»,- նշել է Անուշ Սեդրակյանը։ Նրա խոսքով, երբ խոսում ենք կայացած եւ ուժեղ բանակի մասին, ապա իրավունք չունենք չանդրադառնալու այն վերջին աղմկահարույց սկանդալներին, որոնք տեղ գտան բանակում` «հենց այն տարածքում, որը պարտավոր է ապահովել պետության կայունությունը»։
Անուշ Սեդրակյանը Հայաստանի թիվ մեկ խնդիրը համարել է թափանցիկ քաղաքականության խնդիրը, որը որեւէ օրենսդրական փոփոխություն, ընտրական օրենսգրքի փոփոխություն ի զորու չէ լուծել, եթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված չլինեն։
Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը նկատեց, որ կադրային փոփոխությունը դա դեռեւս համակարգային փոփոխություն չէ, եւ հայ հասարակությունը հրաշալի հասկանում է դա։ «Եւ, եթե մարդու մասնակցությունը պետական գործընթացներումշարունակենք բացառել, որը անում են, ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր ճամբարը կունենաք տոտալ էմիգրացիա»,- նշել է Անուշ Սեդրակյանը։
Վերջինս նաեւ հույս է հայտնել, թե գալիք նախընտրական տարին Հայաստանի համար կլինի գաղափարական եւ ծրագրային տարի։




























