Հայաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության այն ակտիվ երկրներից է, որտեղ բարեփոխումները նախանշված ուղղություններով եւ ժամանակացույցով առաջ են ընթանում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի հետ համանախագահել է ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդի 8-րդ նիստում:
Խորհրդի հերթական նիստին մասնակցել են համապատասխան աշխատանքներում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատուները, ԵՄ անդամ երկրների դեսպանները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ղեկավար կազմը:
Բացման խոսքում շնորհավորելով դեսպան Տրայան Հրիեստեային Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա առաքելությունը կլինի արդյունավետ եւ նորանշանակ ղեկավարը նոր որակներ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցությանը` շարունակելով լավ ավանդույթները:
«Հայաստանի համար ընդունելի է «ավելին ավելիի դիմաց» ԵՄ հռչակած կարգախոսը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը եւ ընդգծել, որ հաջողությամբ ավարտվում է ՀՀ-ԵՄ համագործակցության 2009-2011թթ. ծրագիրը եւ արդեն պատրաստ է ԵՄԽԽ-ի հետ համատեղ մշակված 2012-2013թթ. ծրագիրը: Ծրագիրն արդեն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին եւ նախատեսվում է արդեն 2012թ. սկզբին այն քննարկել ԱԱԽ նիստում եւ ներկայացնել Հանրապետության Նախագահի վավերացմանը:
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան շնորհակալություն է հայտնել նիստը համանախագահելու եւ Հայաստանում ԵՄ-ի հատուկ նախաձեռնություններից մեկի` ԵՄԽԽ-ի գործունեության քննարկմանը մասնակցելու հրավերի համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը ըստ ամենայնի նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն եւ Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը իրենց խոսքում բարձր են գնահատել Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքը:
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն ներկայացրել է խմբի գործունեության 2011թ. վերջին եռամսյակի հաշվետվությունը եւ 2012թ. առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիրը:




























