Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Գազայի հատվածում կարգավորման եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, գործարքը կարող է կնքվել մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին The Jerusalem Post թերթին տեղեկացրել են երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են հարցին։

Բանակցություններում դրական մթնոլորտ է տիրում, ասել են դրանց մասնակցող պաշտոնատար անձինք։ Այս տեղեկությունը հաստատում են նաեւ ՀԱՄԱՍ-ը եւ արաբական լրատվամիջոցները, նշել է The Jerusalem Post-ը։

Երեքշաբթի Ynet իսրայելական պորտալը, հղում կատարելով բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյային, տեղեկացրել էր, որ գործարքի դետալների մեծ մասը արդեն համաձայնեցված է, բայց հիմնական վեճը պատանդների թվաքանակն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում։ Պաշտոնյան ավելացրել է, որ այժմ բանակցությունները կենտրոնացած են նաեւ այն բանի վրա, թե պատանդներից ում են բաց թողնելու, նշել է պորտալը։ Մինչ այդ Ynet-ը, հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի անունը չնշած բարձրաստիճան անդամին, տեղեկացրել էր, որ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման բանակցություններում ձեռք է բերվել «աննախադեպ առաջընթաց»։