ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փորձել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում մինչեւ այս տարվա վերջ, հայտարարել է ռազմական հակամարտության կարգավորման հարցերով նրա ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։
«Հիմա դրա համար իսկական ժամանակն է: Ես իսկապես հավատում եմ, որ նախագահ Թրամփը, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ տվել է այս խոստումը (պատերազմը դադարեցնելու մասին), կհետեւի դրան եւ այն կիրականանա։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա այս տարի։ Նա ունի անհրաժեշտ կարողություններն ու հնարավորությունները դա անելու համար»,- ասել է Քելոգը Fox Business-ի եթերում:
Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Կիեւը պատրաստ են խաղաղ բանակցությունների, եւ Թրամփը կարող է օգնել սկսել դրանք, քանի որ նա «ունի տեսլական եւ էներգիա» դա անելու համար։ Նորընտիր նախագահը վերջերս ասել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, եւ որ արդեն «փոքր առաջընթաց» է գրանցվել։ Մինչ այդ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Քելոգը ծրագրում է այցելել Կիեւ՝ հանրապետական թիմի ջանքերի շրջանակներում՝ «որքան հնարավոր է արագ» դադարեցնել մարտերը: Թրամփի հատուկ բանագնացը պատրաստվում է նաեւ հանդիպումների առաջնորդների հետ եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Հռոմում եւ Փարիզում։ Միեւնույն ժամանակ, Քելոգը կարող է նաեւ այցելել Մոսկվա՝ Եվրոպա կատարած այցի ընթացքում, ասել են Bloomberg-ի զրուցակիցները։ Սակայն Կրեմլը հայտնել է, որ տեղեկություն չունի այս մասին եւ նախնական բանակցություններ չի վարել այդ հարցի շուրջ Թրամփի թիմի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը ցանկանում է արագ դադարեցնել պատերազմը, սակայն դեռեւս չունի հակամարտության մասին ողջ տեղեկատվությունը։ «Նա նաեւ գիտի իմ պատրաստակամության մասին՝ չշտապել ի վնաս Ուկրաինայի»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը Le Parisien-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, պատերազմի «սառեցման» եւ Ռուսաստանի հետ արագ պայմանավորվածությունների վտանգ կա։




























