Թեեւ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 14-ին, արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի որոշ թանկացում:
Այսպես` փոխանակման կետերի մի մասը կանխիկ դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել է կես դրամով` մինչեւ 381.5 դրամ: Գործնականում դադարեցվել է դոլարի վաճառքը 383 դրամով` վաճառքի փոխարժեքը սկսում է 384 դրամից:
Նշենք, որ փոխարժեքն այս տարի, Ամանորի շեմին, շատ ավելի հանգիստ վարքագիծ ունի, առայժմ կտրուկ տատանումներ չեն նկատվում: Սովորաբար` փոխարժեքի տատանումները սկսում են դեկտեմբերի սկզբներին, երբեմն նույնիսկ նոյեմբերի վերջերին: Հատկանշական է, որ Կենտրոնական բանկն առանձնապես ակտիվորեն չի միջամտում փոխարժեքին: Օրինակ` նախորդ շաբաթ ԿԲ-ն ընդհանրապես արտարժույթի առուվաճառքի գործարք բորսայում չի իրականացրել:



























