Եվրամիությունը հայտարարել է 2025 թվականին Ուկրաինային լրացուցիչ 30 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնության մասին: Ըստ Reuters գործակալության՝ դրա մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիու Կոշտան։
Նախկինում հաղորդվում էր, որ այդ գումարը ներառում է մոտ 18 միլիարդ եվրո, որոնք ստացվել են որպես ռուսական սառեցված ակտիվներից շահույթ, իսկ մոտ 12,5 միլիարդ եվրո հավելյալ կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Հերթական 30 միլիարդ եվրոն կհատկացվի ի լրումն 130 միլիարդ եվրոյի, որը ԵՄ-ն արդեն տրամադրել է Կիևին ռուսական ներխուժման սկզբից ի վեր։
Իր հերթին, Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիան վետո է դրել Եվրամիության որոշման վրա՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու առնչությամբ։ Բացի դրանից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը հայտարարել է, որ 2025 թվականից Եվրամիությունն Ուկրաինային կսկսի ամսական 1,5 միլիարդ եվրո տրամադրել։





























