ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը այսօր՝ նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Գորդոնի այցի օրակարգում հիմնական թեման ամերիկա-թուրքական հարաբերություններն են եւ տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում համագործակցության հնարավորությունները, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է TRT-ն, Գորդոնն արդեն հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ. «Մենք վստահ ենք, որ Թուրքիան կշարունակի մնալ մեր մտերիմ գործընկերը, նաեւ՝ Արեւմուտքի եւ Եվրոպայի գործընկերը»:

Անկարայում իր ելույթի ընթացքում Գորդոնն անդրադարձել է նաեւ իրանական միջուկային ծրագրին. «Այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել: եթե մինչեւ տարեվերջ Իրանից լուրջ ազդակներ չստանանք, մենք ստիպված կլինենք նոր միջոցներ ձեռնարկել»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

Մի շարք թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետն արդեն հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպմանը, մասնավորապես քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես նշել են Hurriyet Daily News-ի դիվանագիտական աղբյուրները, Գորդոնի այցը նախապատրաստական բնույթ է կրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄն կատարելիք այցի նախօրեին, որտեղ նա հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի հետ: