Դանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 292 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Ինչպես հայտնում է BBC-ն՝ այդ գումարը կօգտագործվի, մասնավորապես, այլ երկրների կողմից Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու և F-16 ինքնաթիռների սպասարկման համար։

«Ուկրաինայի ամենահրատապ կարիքներից մեկը պաշտպանությունն է ռուսական հրթիռներից և անօդաչու սարքերից։ Ուստի մենք առաջնահերթություն ենք տվել հակաօդային պաշտպանության ոլորտում լրացուցիչ օգնությանը»,- ըստ Դանիայի ՊՆ մամուլի ծառայության՝ նշել է նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։

Բացի հակաօդային պաշտպանության համակարգերից և F-16 ինքնաթիռների սպասարկումից, նոր փաթեթից գումարը կծախսվի Շվեդիայի հետ CV90 հետևակի մարտական ​​մեքենաների համատեղ մատակարարումների վրա, որոնց թիվը չի նշվում մամուլի հաղորդագրության մեջ։ Մեծ պատերազմի սկզբից Դանիան Ուկրաինային 7,3 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել։