Սլովակիայի վաչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Ռուսաստան եւ հանդիում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու սպառնալիքի ֆոնին։
«ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ դեռ ուրբաթ տեղեկացվել են իմ ուղեւորության եւ նրա նպատակի մասին։ Իմ այսօրվա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու [բառերի] արձագանքն է, որը հինգշաբթի պատասխանել է իմ անձնական հարցին, որ նա դեմ է գազի ցանկացած տարանցման Ուկրաինայով մեր տարածք»,- գրել է Ֆիցոն «Ֆեյսբուքի» իր էջում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կողմ է ռուսական ատոմային ճյուղի դեմ պատժամիջոցներին։ «Այդ դիրքորոշումը ֆինանսական վնաս է պատճառում Սլովակիային եւ սպառնալիքի տակ դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը սլովակյան ատոմային էլեկտրակայաններում, ինչն անընդունելի է»,- նշել է Ֆիցոն։ Նա ավելացրել է, որ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել գազ մատակարարել Սլովակիա, բայց դա «գրեթե անհնար կլինի 2025թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը»։
Բացի այդ, Ֆիցոն Պուտինի հետ կարծիքներ է փոխանակել Ուկրաինայում «պատերազմի շուտափույթ խաղաղ ավարտի հնարավորության», ինչպես նաեւ Սլովակիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Ֆիցոյի եւ Պուտինի առերես հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի երեկոյան Կրեմլում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար համար համատեղ հայտարարությունների։
Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025թ. հունվարի 1-ին։ Կիեւը բազմիցս հայտարարել է, որ չի նախատեսում երկարաձգել համաձայնագիրը։ Միաժամանակ, Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ պատրաստ են գազ տեղափոխել իրենց գազատրանսպորտային համակարգով, եթե վառելիքը Ռուսաստանից չլինի։





























