Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին, Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին եւ դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին եւ, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ եւ կարեւոր գործն իրականացնելու համար:

Ցուցահանդեսից հետո նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգեւոր երաժշտության համերգ:

Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, որին կմասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ: