Հոլանդիայի ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Քրիս Վանաքերը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը հաստատել է, որ նախկին պակիտանը կապ է հաստատել Հաագայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ եւ առաջարկել գաղտնի տեղեկատվություն վաճառել F-16 կործանիչների բնութագրի ու յուրահատկությունների վերաբերյալ: Դրա դիմաց նա պահանջել է 500 հազար եվրո գումար, հաղորդում է «Նիդերլանդների ռադիոն»:
Օդաչուն մի քանի անգամ հանդիպել է ռուս դիվանագետների, այդ թվում Հաագայի արվարձանում գտնվող հյուրանոցում ու ռեստորանում: Այդ հանդիպումներից մեկից հետո, մարտի 17-ին նրանք երկուսն էլ կալանավորվել են: Ռուս դիվանագետին ավելի ուշ ազատ են արձակել:
Ոստիկանությունը չի կարողացել պարզել, թե հատկապես ինչպիսի տեղեկություններ են փոխանցվել ռուսական կողմին, քանի որ դիվանագիտական ներկայացուցչությունն օգտվել է իր անձեռնմխելիությունից:
Վանաքերի համակարգչի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են վերը նշված գաղտնի տեղեկությունները:
Մեղադրական եզրակացությունում նշված է, որ ամբաստանյալի ունեցած տվյալները «զգալի արժեք են ներկայացրել, քանի որ ռուսական կողմը դրանց հանդեպ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել»:




























