Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 15-ին, բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության կողմից առաջարկվող «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքի նախագծին:
Կառավարության կողմից բացասական եզրակացության դրդապատճառները մեկնաբանվել են հետեւյալ կերպ. Գաղափարական առումով Լյուստրացիայի մասին օրենքներն ընդունվել են հիմնականում արեւելաեվրոպական նախկին սոցիալիստական պետությունների կողմից՝ 90-ականների սկզբներին կոմունիստական վարչակարգից ձերբազատվելու համար: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ օրենքներ ընդունել են Սերձբալթյան հանրապետությունները եւ Վրաստանը: ԱՊՀ անդամ որեւիցե երկիր նման օրենք չի ընդունել:
Այդ օրենքների հիմքում դրված է նախկինում սոցիալիստական պետությունների իշխող կոմունիստական կուսակցությունների եւ հատուկ ծառայությունների ղեկավար անձնակազմի դեմ պայքարի գաղափարը: Մասնավորապես, մտցված են սահմանափակումներ այդ ժամանակահատվածի պաշտոնյաների պետական պաշտոն զբաղեցնելու համար: «Ժառանգության» ներկայացրած նախագիծը վերաբերվում է միմիայն հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցող անձանց: «Նշված մոտեցումը ողջամիտ չէ, քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կազմավորվելու ընթացքում հռչակվել է որպես ՀԽՍՀ իրավահաջորդ, որի շնորհիվ Հայաստանում չեն իրականացվել նախկին կոմկուսի պաշտոնյաների կամ ԽՍՀՄ ՊԱԿ եւ ՆԳՆ աշխատակիցների հետապնդումներ»,- նշված է կառավարության եզրակացության մեջ: Նշվել է նաեւ, որ մարդիկ, ԽՍՀՄ ժամանակ համագործակցելով հատուկ ծառայությունների հետ, դրանով հակաիրավական արարք չեն կատարել, այլ աջակցել են համապատասխան պետական մարմինների գործառույթների իրականացմանը:




























