Bugatti ավտոմեքենայի հազվագյուտ նախապատերազմական մոդելը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Աճուրդի տան տվյալներով, եզակի ռետրո մեքենայի մեկնարկային գինը կկազմի 1 մլն 750 հազար դոլարից մինչև 2,5 մլն դոլար։
Աճուրդը կկայանա 2025թ.-ի հունվարի 24-ին։ Bugatti-ի վերջին նախապատերազմյան մոդելը՝ Type 57-ը, արագ և հարմարավետ Type 49-ի իրավահաջորդն էր: 1934-ից 1939 թվականներին, երբ արտադրությունը դադարեց, դիզայնը անընդհատ վերանայվում էր, և վերջին երրորդ սերիայի մեքենաները ստացան գրեթե բոլոր տեխնիկական բարելավումները, որոնք մշակվել էին Type 57-ի համար:
Էլեգանտ երկտեղանի Atalante սպորտային կուպեն, որը մտահղացել էր Ժան Բուգատին՝ ոգեշնչվելով Aérolithe կուպեով, շուկայում հայտնվել է 1936 թվականին։ Այն երկու անգամ ավելի թանկ արժեր, քան որոշ այլ գործարանային մոդելներ: Արդյունքում, ստեղծվել է ընդամենը 33 Atalante Type 57, ի լրումն 17-ի, որոնք կառուցվել են Type 57 S շասսիի վրա, ընդ որում ամենաբացառիկ օրինակներից մի քանիսը ստեղծել է Gangloff ընկերությունը հատուկ պատվերով, այլ ոչ թե գործարանային արտադրամասերում:





























