ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է H-1B աշխատանքային վիզաների հարցով իր դաշնակիցների միջև հասունացող թշնամանքին՝ New York Post-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ աջակցում է այդ ծրագրին:

Թրամփը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրեն «միշտ դուր են եկել վիզաները»։ H-1B վիզայի ծրագիրը գործատուներին թույլ է տալիս ժամանակավորապես աշխատանքի ընդունել ոչ ԱՄՆ քաղաքացիների՝ բարձր որակավորում պահանջող աշխատանքի համար:

«Ես շատ H-1B վիզաներ ունեմ անշարժ գույքի ձևակերպման համար: Միշտ հավատացել եմ H-1B-ին և բազմիցս օգտագործել այն: Դա հիանալի ծրագիր է», - ասել է նա:

Նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում Թրամփի վարչակազմը ներմուծել էր կանոններ, որոնք  պետք է նվազեցնեին ամեն տարի տրվող H-1B վիզաների թիվը: Սակայն, այս կանոնները ի վերջո չեղարկվեցին դատարանում:

Թրամփի թիմը վերջին օրերին ներքաշվել է ծրագրի շուրջ բանավեճի մեջ, ընդ որում մի խմբակցությունը պաշտպանում է վիզաները, իսկ մյուսը՝ պնդում, որ ծրագիրը թույլ է տալիս օտարերկրացիներին աշխատանք գտնել Ամերիկայում: Թրամփի դաշնակիցները, ներառյալ Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին, առցանց գրառումներում պնդել են, որ վիզաների ծրագիրն օգուտ է տալիս երկրին:

Այս շաբաթ Մասկը X սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշել էր, որ «ԱՄՆ-ում գերտաղանդավոր ինժեներների և գերշահագրգիռ մարդկանց թիվը չափազանց քիչ է»:

Մասկը, որը ծնվել է Հարավային Աֆրիկայում և նատուրալիզացված ԱՄՆ քաղաքացի է, ասել է, որ իր և SpaceX-ի ու Tesla-ի մյուս ստեղծողների ԱՄՆ-ում գտնվելու պատճառը H-1B ծրագիրն է: «Դեպի հետ մեծ  քայլ արեք ու խփեք ձեր ՄՌՈՒԹԻՆ,- գրել է նա։- Ես պատերազմ կհայտարարեմ այս հարցում, որը դուք, հավանաբար, չեք կարողանում ըմբռնել»:

X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Մասկը հայտարարել է, որ «այդ ստոր հիմարներին պետք է հեռացնել հանրապետական ​​կուսակցությունից», ավելի ուշ պարզաբանելով, որ  նկատի ունի «հանրապետական ​​կուսակցության այն անդամներին, որոնք ատելությամբ լցված, չզղջացող ռասիստներ են»:

Իր հերթին Ռամասվամին, որը Մասկի հետ գլխավորում է Թրամփի պետական կառավարման արդյունավետության ոչ կառավարական դեպարտամենտը, հույս է հայտնել, որ ամերիկյան մշակույթը դարձյալ անկյունաքարային կդարձնի «ծանր աշխատանքը, և ոչ թե ծուլությունը»: Ռամասվամին X-ում հրապարակած գրառման մեջ նշել է նաև, որ H-1B վիզայի ծրագիրը «խստորեն խախտված է և պետք է փոխարինվի նրանով, որը կենտրոնացած կլինի լավագույններից լավագույնների ընտրության վրա (և ոչ թե վիճակախաղով), հիմնված կլինի մրցակցության վրա (առանց մեկ ընկերությանը ծառայությունների  տրամադրման) և ապաբյուրոկրատացված կլինի»:

H-1B վիզաները քննադատող հանրապետականների թվում են ծայրահեղ աջ ակտիվիստներ Լորա Լումերը և Սթիվ Բենոնը:

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Նիկի Հեյլին նույնպես հայտնել է իր կարծիքը՝ «ծուլություն» անվանելով այն, որ «տեխնոլոգիական արդյունաբերությունն իր կարիքները բավարարելու համար, ինքնըստինքյան, դիմում է օտարերկրյա աշխատողներին»:

«Ներդրումներ կատարեք մեր ամերիկյան աշխատուժի մեջ: Մենք նախ պետք է ներդրումներ անենք ամերիկացիների մեջ, նախքան այլ բան փնտրելը»,- հայտարարել է նա: