2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետեւանքով աղիքային հիվանդություններով «Նորք»  ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթեւ վնաս:

Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ:

Քննության արդյունքների մասին Երեւան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային  /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը: