ԱՄՆ պետդեպարտամենտը ոչ պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին, որ մտադիր է Իսրայելին 8 մլրդ դոլարի զենք վաճառել, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ բարձրաստիճան աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պետդեպարտամենտը վաճառքի մասին ոչ պաշտոնական ծանուցում է ուղարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովին ուրբաթ օրը՝ նոր Կոնգրեսի աշխատանքի առաջին օրը եւ նախքան Բայդենի վարչակազմի պաշտոնը լքելը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ առաջարկվող վաճառքը ներառում է «օդ-օդ» AIM-120C-8 AMRAAM հրթիռներ, որոնք կօգտագործվեն օդային սպառնալիքների, այդ թվում՝ անօդաչու սարքերի դեմ։ Վերոհիշյալ փաթեթը ներառում է նաեւ հրետանային արկեր, Hellfire AGM-114 հրթիռներ, փոքր տրամագծով ռումբեր (SDB), JDAM հավաքածուներ, 500 ֆունտանոց մարտագլխիկներ եւ FMU-152A/B ռումբերի դետոնատորներ։
Աղբյուրի խոսքով՝ առաջարկվող վաճառքի նպատակն է «աջակցել Իսրայելի երկարաժամկետ անվտանգությանը՝ համալրելով խիստ կարեւոր զինամթերքի եւ ՀՕՊ միջոցների պաշարները»։
«Նախագահը հստակ հասկացրել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն, ինչպես նաեւ զսպել Իրանի եւ նրա ոկղմից վերահսկվող կազմակերպությունների ագրեսիան: Մենք Իսրայելի պաշտպանության համար շարունակում ենք տրամադրել անհրաժեշտ հնարավորություններ»,- ասել են լրատվամիջոցի զրուցակիցները։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ զինամթերքի որոշ միավորների արտադրությունն ու առաքումը կարող է իրականացվել ԱՄՆ-ում առկա պաշարների միջոցով, սակայն «դրանց մեծ մասի առաքման համար կպահանջվի մեկ տարուց մինչեւ մի քանի տարի»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ տարի Բայդենի վարչակազմին մեղադրել էր Իսրայելին զենք մատակարարելուց հրաժարվելու մեջ, հայտարարություն, որը Բայդենի ներկայացուցիչն անվանել է «անարդյունավետ» եւ որ «ավելի կարեւոր է՝ բացարձակապես իրականությանը չհամապատասխանող»: Իսրայելը շարունակում է բախվել իրավապաշտպան կազմակերպությունների մեղադրանքներին միջազգային իրավունքի խախտման համար, ներառյալ ամերիկյան զենքի կիրառումը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:
Մայիսին պետդեպարտամենտը հայտարարել էր, որ «խելամիտ կլինի ենթադրել», որ ամերիկյան զենքն իսրայելական ուժերի կողմից Գազայում օգտագործվել է միջազգային մարդասիրական իրավունքի հետ «անհամատեղելի» ձեւերով, բայց պաշտոնապես չի հայտարարել, որ Իսրայելը խախտել է օրենքը:





























