ԿԺԴՀ-ն ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում գտնվող Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ճապոնական դիտորդները տարածաշրջանում գտնվող նավերին հորդորում են, եթե հրթիռների բեկորներ հայտնաբերվեն, չմոտենալ դրանց, այլ անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։

Ճգնաժամային շտաբը սկսել է աշխատել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի գրասենյակի ներքո՝ Փհենյանի հրթիռի արձակման մասին տեղեկություններ հավաքելու և վերլուծելու համար: Իշիբան նաև համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին կարգադրել է տեղի բնակչությանն անհապաղ տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին և ապահովել տարածաշրջանում նավագնացության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը։

Սա Հյուսիսային Կորեայի առաջին հրթիռի արձակումն էր 2025 թվականին։ Վերջին անգամ Փհենյանը հրթիռ է արձակել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին։