Աշխարհը մոտ ժամանակներս կարող է ընկնել երկրորդ Մեծ դեպրեսիայի մեջ: Նման մռայլ կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Նա նախազգուշացրել է, որ եթե երկրները չկարգավորեն իրենց տարաձայնությունները եւ չսկսեն միասին աշխատել, որ հաղթահարեն պարտքային ճգնաժամը, ապա աշխարհը կվերադառնա 1930-ականների իրավիճակին:

«Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներն այս պահին առանձնապես ոգեւորիչ չեն, բավական մռայլ են: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցած 1930-ականներին, բայց նման հետեւանքներ մենք չենք ուզում»,-Լագարդի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:

Նա ընդգծել է, որ ճգնաժամի խնդիրները պետք է լուծի ողջ աշխարհը, այլ ոչ թե մի խումբ պետություններ:

«Աշխարհում չկա ոչ մի տնտեսություն, լինի ցածր, միջին, թե բարձր եկամուտներով, կամ զարգացած տնտեսությամբ պետություն, որ ապահովագրված լինի ճգնաժամից, որը ոչ միայն չի հանդարտվում, այլ ավելի է տարածվում: Սա այն ճգնաժամը չէ, որ հնարավոր լինի լուծել մի խումբ երկրների կողմից»,-ասել է նա: