«Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 13-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Փոստանջյանն իր նամակում հիշատակել է նոյեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի մոտ կազմակերպված բողոքի գործողության ժամանակ ոստիկանների պահվածքին, որոնք խոչընդոտել են նրանց ակցիայի անցկացումը։
«Փաստորեն, այս էլ որերորդ անգամ ՀՀ ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները` խախտելով օրենքը եւ կատարելով հանցագործություն։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ եթե իմ նախորդ հաղորդագրությունները նույնաբովանդակ հանցագործությունների մասին համապատասխան ընթացք ստանային, եւ պատժվեին իրենց պաշտոնական դիրքը չարաշահած ոստիկանները, ապա անպատժելիությունից առաջացած այս նոր հանցագործությունը տեղի չէր ունենա»,- նշել է Փոստանջյանը եւ խնդրել համապատասխան ընթացք տալ իր հաղորդմանը:




























