Օլիգարխների շուրջ ստեղծված կուսակցությունները, ինչպես նաեւ այդ կուսակցությունները գլխավորող օլիգարխները չեն կարող այլընտրանք դառնալ ներկա ռեժիմին, քանի որ այդ ռեժիմի մասն են: Այսօր` դեկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, օրինակ բերելով Ռուսաստանում «Պրավոյե դելո» կուսակցության նախկին առաջնորդ Միխայիլ Պրոխորովը:
Նրա խոսքով, Պրոխորովը, լինելով օլիգարխ, կուսակցություն է ստեղծել, սակայն երբ նա սկսեց ընդդիմություն խաղալ, նրանից կուսակցությունը խլեցին: «պրոխորովի մասին խոսեցին մի ողջ տարի, իսկ կուսակցությունը խլեցին 5 օրում: Պրոխորովը նույնպես չի կարող այլընտրանք դառնալ Պուտինին, քանի որ ոչ մի նոր բան չի կարող առաջարկել»,-ասաց Կարապետյանը, զուգահեռ անցկացնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հարցին, թե քանի օրում իշխանությունը Գագիկ Ծառուկյանից կխլի ԲՀԿ-ն, եթե նա ընդդիմադիր դառնա, ՆԺԿ առաջնորդը պատասխանեց. «5 օրից ավելի կարճ ժամանակում: Իշխանություններն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում, ԲՀԿ-ի անդամների շարքերում հայտնաբերելով թմրամոլների եւ հարկային ստուգումներ անցկացնելով: Հայաստանում արդեն կա նման փորձ, սակայն Ռուսաստանում դա նոր մոտեցում է: Գագիկ Ծառուկյանն ունի կուսակցություն, նախարարական պորտֆելներ, վարչական ռեսուրս եւ միաժամանակ նա փորձում է իրեն ներկայացնել որպես ընդդիմություն»:
Կարապետյանի ներկայացմամբ, իշխանությունները օլիգարխ-ընդդիմադիրների հանդեպ ունի հետեւյալ մոտեցումը. Հրաժարվիր քո կապիտալից, վարչական հնարավորություններից, հրաժարվիր այդ ամենից, դարձիր հրապարակում կանգնածներից մեկը եւ նոր միայն հայտարարիր, որ դու ընդդիմադիր ես:




























