Ձյուդոյի աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի թեեւ մեդալ չեն նվաճել, սակայն ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, այնուամենայնիվ, մեր մարզիկների ելույթները գնահատում է լավ:

«Պատանի ձյուդոիստների ցույց տված արդյունքներից գոհ ենք, քանի որ նրանք մեդալներ բերեցին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից: Երիտասարդները էլ ավելի լավ հանդես եկան այս տարի: Ունեցանք Եվրոպայի երկու չեմպիոն` 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը եւ 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Դա աննախադեպ հաջողություն էր հայկական ձյուդոյի համար: Արծաթե մեդալ ենք նվաճել նաեւ մինչեւ 23 տարեկան ձյուդոիստների Եվրոպայի առաջնությունում: Եթե մեծահասակները նույնպես մեդալ բերեին պաշտոնական մրցումներից, ապա մեր ձյուդոիստների այս տարվա ելույթները կգնահատեի գերազանց» - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Խիթարյանը::

Դավիթ Խիթարյանը համարում է, որ մեր երկու առաջատար ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) նույնպես լավ են հանդես եկել մրցաշրջան-2011-ում, քանի որ բազմաթիվ մրցումներում օլիմպիական վարկանիշային միավորներ են վաստակել եւ գործնականում նվաճել են 2012 թ. լոնդոնյան խաղերին մասնակցելու իրավունքը: