Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը 2012 թվականին ոչ մի բանի չի հանգեցնի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ որքան երկար հայկական կողմը կարողանա խնդրի կարգավորման գործընթացը պահել ներկա վիճակում, այնքան մեծ է շանսը, որ հարցը կլուծվի հայերի օգտին:

«Բանակցային գործընթացի ակտիվություն կնկատվի շփման գծում լարվածության աճին զուգահեռ»,- կարծում է «Նոր ժամանակների» առաջնորդը:

Նա նշեց, որ եթե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը վատթարանա եւ հանգեցնի որոշակի գործընթացների, թե Ղարաբաղի հարցը, թե Իրանի հարցը կլուծվեն միասին: «Ես լուրջ մտավախություն ունեմ, որ Իրանի շուրջ իրավիճակը կարող է սրվել: Ցավոք, ամեն ինչ հանգում է նրան, որ որոշակի ուժեր կգնան Իրանի հետ առճակատման, իսկ դա բացասաբար կազդի տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա»,- ամփոփեց Արամ Կարապետյանը: