Հայաստանը պետք է մշտական անդամ դառնա Եվրասիական միության , որը հեռանկարում կարող է վերածվել խոշոր ու լուրջ շուկայի: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, Եվրասիական միությունը Հայաստանի համար լայն հնարավորություններ կստեղծի` 170 մլնանոց շուկա, որի համար պայքարում են 84 երկրներ, էներգակիրների տարիֆների նվազում, դրական վերաբերմունք հայ հասարակության նկատմամբ:
Ըստ Կարապետյանի, Եվրասիական միության ընդդիմախոսների հիմնական փաստարկը ցամաքային սահմանների բացակայությունն է. «Այդ փաստարկը տրամաբանական չէ մի քանի պատճառներով: Երկրի արտաքին քաղաքական դոկտրինում նշվում է, որ Հայաստանը ձգտելու է ԵՄ, որի հետ եւս ընդհանուր սահմաններ չունի: Բացի այդ, Հայաստանի տնտեսական ոլորտում ակտիվորեն համագործակցում է բոլոր երկրների հետ, որոնք այսօր մտնում են Եվրասիական միության մեջ»:
Կարապետյանը նկատել է, որ Հայաստանի իշխանություններն այնքան են տարվել կոմպլեմենտարիզմով, որ այսօր հայտնվել են բարդ կացության մեջ: «Դրան պետք է գումարել անձնական շահերը, կառավարող էլիտայի ներկայացուցիչների տարբեր հաշիվները արտերկրում»,- հավելել է Կարապետյանը:
Դիտարկմանը, թե Եվրասիական միության ստեղծումը գնահատվում է որպես ԽՍՀՄ վերածնման փորձ, Արամ Կարապետյանը պատասխանել է. «Խորհրդային Միության վերականգնումը դասական իմաստով անհնար է: Ռուսաստանի գերակայություն չի լինի, ինչպես եւ չի եղել ԽՍՀՄ-ում»:




























