«Հայ-ավտո» ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունը հրաժարվում է տրամադրել քաղաքացուն նրա գնած էլեկտրական մեքենան՝ պահանջելով վճարել հավելյալ օրերի համար կայանատեղիում պահելու գումարը: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած ՎահագնՊետրոսյանը պատմեց, որ դեռ նախորդ տարի վճարելով 35 հազար դոլար ընկերության հետ պայմանագիր են կնքել, որ նոյեմբերի 23-ին պետք է իրենց հանձնեն ներկրված էլեկտրական մեքենան, սակայն մինչ օրս իրենք մեքենան չեն ստացել:
«Մեքենայի համար վճարել ենք 35 հազար դոլար եւ պայմանագրով այն մեզ պետք է տային նոյեմբերի 23-ին, բայց քանի որ էլեկետրական մեքենաների ներկրման քվոտան ավարտվել էր, մաքսազերծումը այս տարի էկատարվել եւ մեզանից հավելյալ գումար են պահանջում, որ մեքենան տան մեզ: Սակայն պայմանագրով նախատեսված է, որ ամեն ուշացված օրվա համար իրենք են որպես տույժ մեզ գումար վճարելու»,- պատմեց քաղաքացին:
Նա նաեւ պարզաբանեց, որ իրենց մոտ 250 հազար դրամ գումար են պահանջում, որպես կայանատեղիում պահելու համար վճարված գումար, սակայն մյուս կողմից էլ հրաժարվում են վճարել ուշացման համար պայմանագրով նախատեսված տույժը:


Քաղաքացին նաեւ հայտնեց, որ իրենք դիմելու են իրավապահներին:
NEWS.am-ը նաեւ մեկնաբանություն խնդրեց «Հայ-ավտո» ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունից, որի տնօրեն Արման Բաղդասարանը՝ իրավիճակը պարզաբանեց նրանով, որ մեքենան նախորդ տարի է ներկրվել, սակայն նախատեսված քվոտան ավարտվել է եւ մեքենան ընկել է մաքսազերծման տակ. «Ուղղակի այդ քաղաքացու բախտը չբերեց եւ ընկավ մաքսազերժման տակ, մենք իրեն հարցրել ենք, ուզում ես, որպեսզի թանկ գնով չմաքսազերծենք, ուղղակի մեքենան պահպանենք կայանատեղիում, միայն դրա գումարը պետք է վճարվի, մինչեւ հաջորդ տարի նոր քվոտայով կարողանանք առանց ներմուծման մաքսատուրքի մաքսազերծենք: Հիմա հաճախորդը չի ուզում մեքենայի պահպանման գումարը վճարի»:
Անդրադառնալով նրան, թե ինչու չեն վճարում ուշացման համար նախատեսված տույժը՝ տնօրենը նշեց, որ մեքենան ժամանակին է ներկրվել, սակայն հաճախորդին չի հանձնվել մաքսազերծում չիրականացվելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի սահմանվել էր 7400 հատ էլեկտրական մեքենայի 0 տոկոս մաքսատուրքով ներմուծման քվոտա, քանի որ 600 հատը կառավարությունը նախատեսել է պահել ռեզերվ:
ՊԵԿ-ի տվյալներով, նախորդ տարվա սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%) իրավաբանական անձանց կողմից:
Քանի որ նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում էր կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը:





























