Զարգացման հայկական գործակալությունը այսօր` դեկտեմբերի 16-ին, ընդունել է  Երեւանում գտնվող Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի նախագահ Ջոնի Հոնին:

Ջոնի Հոնին ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին եւ Հայաստանի տնտեսության հետեւյալ ոլորտներին` հանքարդյունաբերություն, բանկային եւ հեռահաղորդակցություն:

Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ է ընձեռվել հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ պարոն Կորյուն Հակոբյանը եւ Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն պարոն Արամ Մկրտչյանը:

Կողմերը քննարկել են ոլորտների ներդրումային հնարավորությունները եւ գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվել է Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն եւ հյուրերին տրամադրվեցին  Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ: