Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին հայտարարել է, որ կստորագրի երկկողմ անվտանգության համաձայնագիր Մեծ Բրիտանիայի հետ, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Մերձավոր Արևելքում պատմական տեղաշարժերի ֆոնին Լոնդոն պաշտոնական այցի մեկնելիս, հաղորդում է Reuters-ը։
Սուդանին նշել է, որ ԱՄՆ-ի և Իրաքի միջև անվտանգության համաձայնագիրը կնպաստի երկկողմ ռազմական կապերի զարգացմանը՝ անցյալ տարվա այն հայտարարությունից հետո, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ստեղծված ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան կավարտի իր աշխատանքը Իրաքում 2026 թվականին։ Մեծ Բրիտանիան՝ Իրաքի նախկին գաղութային ղեկավարը, կոալիցիայի առանցքային անդամ է։
«Իսլամական պետությունը» պարտություն է կրել Իրաքում 2017 թվականին և Սիրիայում՝ 2019 թվականին, թեև դեռևս բարձր են մտավախությունները, որ այն կարող է վերականգնվել Իրաքի հեռավոր շրջաններում և օգտվել Սիրիայում իշխանության վակուումից՝ անցյալ տարի իսլամական ապստամբների կողմից Ասադի տապալումից հետո։
Ռազմավարական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ Սուդանին ասել է. «Սա Իրաքի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում առանցքային պահերից մեկն է։ Ես կարող եմ բնութագրել սա որպես հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբ»։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կստորագրվեն նաև խոշոր համաձայնագրեր բրիտանական ընկերությունների հետ։ «Սա արարողակարգային այց չէ»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ Իրաքը ստորագրել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը նպատակաուղղված էր ընդլայնելու 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո հաստատված ռազմական կապերից դուրս հարաբերությունները․ համաձայնագրին միացել էր նաև Մեծ Բրիտանիան։ Այս ներխուժումը հանգեցրեց բռնապետ Սադամ Հուսեյնի տապալմանը, սակայն առաջ բերեց կրոնական հիմքով բազմամյա արյունահեղություն և պատերազմ, այնուհետև՝ «Իսլամական պետության» վերելք, որը ոչնչացնում էր փոքրամասնություններին և կարճ ժամանակով հաստատեց այսպես կոչված խալիֆայություն, նախքան հետ մղվելը։
Իրաքը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























